Տարեցների կրեատիվության լաբորատորիա

Տարեցների կրեատիվության լաբորատորիա

Առողջապահության և տեխնոլոգիաների զարգացումն այսօր ամբողջ աշխարհում խթանել է երկարակեցությունը։ Մարդիկ ավելի երկար են ապրում և պահպանում իրենց ակտիվությունը։ Շատերին անգամ հաջողվում է նոր զբաղմունքներ գտնել և նոր նպատակներ դնել, շարունակել իրենց ներդրումն ունենալ հասարակական կյանքում։ 

 

Տարեցների կրեատիվության լաբորատորիան հիմնվել է 2019 թվ.-ին՝ որպես Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիայի ներքո գործող մեծահասակների նորարարական ցերեկային կենտրոնի մի բաղադրիչ։

 

Այսօր այն սոցիալական ձեռնարկատիրության յուրօրինակ նախատիպ է, որն առաջնահերթ լուծում է 63 տարեկանն անց անձանց զբաղվածության, նրանց ռեսուրսների բացահայտման ու ինքնաիրացման խնդիրը։

 

Կրեատիվության լաբորատորիան համախմբում է այն բոլոր մեծահասակներին, որոնք տիրապետում են որևէ արհեստի, ձեռագործության տեսակի և ցանկանում են շարունակել իրենց ակտիվ ներդրումն ունենալ հասարակական-տնտեսական կյանքում։

 

Ստեղծագործական բնույթի զբաղմունքները դրական ազդեցություն են թողնում և՛ ֆիզիկական, և՛ հոգեբանական (մտավոր) առողջության վրա։ Կրեատիվ լինելը և կրեատիվությունն արթնացնող զբաղմունքները նոր իմաստ են հաղորդում կյանքին, խթանում են շփումն այլոց հետ, կանխում են մեկուսացվածությունը, նպաստում են ինքնաբացահայտմանը և ինքնուրույնության պահպանմանը, օգնում են մարզել ուղեղը, բարելավել ուշադրությունը և  կենտրոնանալու կարողությունը, դրանք ի զորու են դանդաղեցնել կոգնիտիվ ֆունկցիաների վատթարացումը և դեմենցիայի զարգացումը, ինչպես նաև կարող են օգնել հաղթահարել դեպրեսիան և տագնապները։ 

 

Կրեատիվության լաբորատորիան մի ուրույն կրթական միջավայր է, որտեղ շատերը հնարավորություն են ստանում սովորելու, նոր հմտություններ յուրացնելու և դրանք կիրառելու։ Բազմաթիվ մեծահասակների կտեսնեք, որոնք ժամանակին առաջնահերթությունը տալով աշխատանքին ու երեխաների դաստիարակությանը, մի կողմ են դրել իրենց ունեցած հոբբին ու բնատուր շնորհը։ Այդ առումով՝ լաբորատորիայում նրանք հնարավորություն են ստանում կյանքը շարունակել այն տեղից, որտեղ կանգ էին առել։ 

 

Հգ․ Լուսանկարի կրծքազարդը 83-ամյա մի ստեղծագործ կնոջ ձեռքի աշխատանքն է։ 

Ֆեյսբուքյան էջ՝ Seniors' Creativity Lab -SCԼ-Տարեցների կրեատիվության լաբորատորիա

 

 

 

1 2 3 4 5 6 7
03.09.2020 22:02 Նյութը դիտվել է՝ 705 անգամ: