Փազլ հավաքելու օգտակարությունը մեծահասակների համար

Փազլ հավաքելու օգտակարությունը մեծահասակների համար

Փազլ հավաքելու մասին մտածելիս հաճախ այն պատկերացնում ենք միայն հոբբի սահմաններում՝ որպես սիրելի զբաղմունք։ Իրականում հաճելի զբաղմունք լինելուց բացի այն ունի մի շարք առավելություններ, որոնք նպաստում են առողջության ամրապնդմանը և որոշ խնդիրների կանխարգելմանն ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների դեպքում։ Նշենք մի քանի օգուտ։

 

Ուղեղի վարժանք և դեմենցիաների կանխում

 

Փազլ հավաքելը մարզում է գլխուղեղի աջ և ձախ կիսագնդերը։ Ընդ որում՝ աջ կիսագունդը պատասխանատու է կրեատիվության, հույզերի և ինտուիտիվ մտածողության համար, իսկ ձախը՝ տրամաբանական ու վերլուծական մտածողության, տեղեկությունների մշակման և խոսքի համար։ 
Փազլ հավաքելիս գլխուղեղի երկու կիսագնդերն աշխատում են միասին՝ լավացնելով կոգնիտիվ ֆունկցիաները։ Ծոծրակային հատվածում են տեղակայված գույների և ուրվագծերի համադրման համար պատասխանատու կենտրոնները, և դրանք նույնպես ակտիվանում են։ 

 

Գլխուղեղի մարզումն օգնում է կանխել կոգնիտիվ խանգարումները՝ դեմենցիան և Ալցհեյմերի հիվանդությունը։ Հետազոտությունները փաստում են, որ փազլ հավաքելու և փազլանման այլ խաղերի միջոցով ուղեղն ակտիվ պահելը նվազեցնում է գլխուղեղի բջիջների վնասման հավանականությունը, նպաստում է նյարդային վնասված բջիջների վերականգնմանը և առաջացնում նոր կապեր։
Լավացնում է տեսողական-տարածական մտածողությունը

 

Փազլը հավաքելիս գործ ենք ունենում փոքր մասերը ճիշտ համադրելու և պատկերն ամբողջացնելու հետ։ Դրանով մարզում ենք նաև տարածական մտածողությունը։

 

Նպաստում է ուշադրության կենտրոնացմանը, դետալների ընկալմանը

 

Փազլ հավաքելիս, հատկապես երբ մասերը նույնագույն են և նման, կարևոր է լինում դետալների վրա կենտրոնանալը և տարբերությունը հասկանալը։ Ստիպված ենք լինում մարզել աչքը գունային ու ձևի փոքրիկ տարբերությունները, մանրուքներն անգամ նկատելու համար, իսկ այդ հատկությունն օգնում է ամենուրեք և ցանկացած գործ անելիս։ 

 

Բարելավում է հիշողությունը

 

Փազլ հավաքելն ամրացնում է նյարդային կապերը և լավացնում նոր կապերի ստեղծումը՝ նպաստելով արագ մտածելուն և մտածական գործընթացների ուժեղացմանը, խթանում է պատկերավոր մտածողությունը, քանի որ յուրաքանչյուր դետալը տեղադրելիս մտքում ունենում ենք ամբողջական պատկերը։ Կենտրոնանալով գույները և ուրվագծերը հիշելու վրա՝ նպաստում ենք կարճատև հիշողության բարելավմանը։

 

Բարձրացնում է IQ-ն

 

Միչիգանի համալսարանի գիտնականները պարզել են, որ օրական 25 րոպե փազլ հավաքելուն տրամադրելը նպաստում է IQ-ի բարձրացմանը չորս միավորով։

 

Լավացնում է խնդիրները լուծելու կարողությունը

 

Փազլ հավաքելիս տարբեր մոտեցումներ ենք ընտրում՝ փորձելով լուծել նկարի ամբողջացման խնդիրը նաև փորձի և սխալի ճանապարհով։ Սովորում ենք ռազմավարություն մշակել, հիպոթեզը փորձարկել և փոփոխել տեսանկյունը, եթե մի բան ըստ ծրագրածի չի ստացվում։ Այդ հմտությունները փոխանցվում են ցանկացած այլ գործի՝ խնդիրների լուծման հարցում մեզ դարձնելով ավելի նորարար ու քննադատ, ինչպես նաև օգնելով հարմար լուծումներ գտնել առօրյա կյանքի մարտահրավերներին համապատասխան։

 

Նվազեցնում է սթրեսը և լավացնում տրամադրությունը

 

Փազլ հավաքելը հաճելիորեն զբաղեցնում է միտքը, հանգստացնում ու խաղաղեցնում, քանի որ սահմանափակված չէ ժամանակով և յուրաքանչյորրն ինքն է ընտրում հավաքման ռիթմն ու տևողությունը։ Ամեն դետալի տեղը ճիշտ գտնելիս ու տեղադրելիս կարծես կարգավորվում են նաև մտքերը, դասավորվում իրենց տեղում, պարզվում ու խաղաղվում։ Որոշ հետազոտություններ փաստում են, որ փազլը հաջողությամբ հավաքելիս արտադրվում է դոֆամին՝ «երջանկության հորմոն», ինչը նպաստում է տրամադրության բարձրացմանը և լավ ինքնազգացողությանը։ 

 

Այդ վիճակն անդրադառնում է նաև առօրյա կյանքի ու գործունեության վրա՝ բարձրացնելով աշխատունակությունը և արդյունավետությունը, թարմացնելով և խթանելով ուղեղի աշխատանքը։
Նպաստում է արդյունավետ շփմանը

 

Փազլ հավաքելը կարող է հաճելի զբաղմունք դառնալ մեծահասակների և, օրինակ, նրանց խնամող մարդու կամ ընտանիքի անդամների համար, քանի որ նպաստում է համագործակցելուն, հարաբերությունների ամրապնդմանը և վստահության ձեռքբերմանը։

 

Տարեցների կրեատիվության լաբորատորիայում, որն իր բնույթով զբաղմունքի, մտավոր և ֆիզիկական առողջության պահպանման կենտրոն է մեծահասակների համար, հաճախ ենք փազլներ հավաքում։ Դեմենցիա ունեցող մարդկանց դեպքում ընտրում ենք մեծ մասնիկներով, հստակ գույներով և ուրվագծերով, փոքրաքանակ՝ մինչև 60-հատանոց տեսակները։

 

Ինչպես արդեն իմացաք, փազլ հավաքելը շատ օգտակար է առողջության համար, այնպես որ մի հետաձգեք մոտակա գրախանութ այցելելը և մի հետաքրքիր ու սիրուն պատկերով փազլ գնելը։

 

 

Հոդվածի կազմումը և լուսանկարը՝ Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիայի
Հոդվածի մասնակի կամ ամբողջական վերահրապարակման դեպքում հղումը www.gerontology.am-ին պարտադիր է։

 


 

24.03.2021 00:38 Նյութը դիտվել է՝ 379 անգամ: