Գերիատրիայի 2-րդ միջազգային կոնգրես

Գերիատրիայի 2-րդ միջազգային կոնգրես

2019 թվականի հոկտեմբերի 1-ին՝ Տարեցների միջազգային օրը, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում կայացավ Գերիատրիայի II միջազգային կոնգրեսը «Կյանք տանք տարիներին և տարիներ՝ կյանքին» խորագրով։ Այն Հայաստանում գերիատրիայի և գերոնտոլոգիայի զարգացման ճանապարհին կարևորագույն քայլերից մեկն է և ամեն տարի լայն հնարավորություններ է ընձեռում միջազգային փորձին ծանոթանալու, պրոֆեսիոնալ գերիատրներին (ծերաբույժներին) լսելու և մասնագիտական գիտելիքները խորացնելու հարցում։
 

 

Համաժողովին բացման խոսքով հանդես եկան ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը, ՀՀ Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Գեմաֆին Գասպարյանը և Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիայի հիմնադիր-նախագահ Արթուր Թորոսյանը։
 

 

Միջազգային փորձագետ-բանախոսների շարքում էին՝ Եվրոպական գերիատրիկ բժշկության միության (EuGMS) նախագահ, ԱՀԿ փորձագետ, գերիատր պրոֆ. Ֆինբար Մարտինը, գերիատր Աննա Գիչկան՝ «Բարուխ Պադե» բժկական կենտրոն, Իսրայել, գերիատր Պոլինա Կեմելմանը՝ «Սուրասկի» բժշկական կենտրոն, Իսրայել, օնկոլոգ, պրոֆ. Մարտին Էքստերմանը՝ Օնկոգերիատրիայի միջազգային միություն (SIOG), «Հ․Լի Մոֆիթ» քաղցկեղի կենտրոն, Ֆլորիդա, ԱՄՆ, սրտաբան, պրոֆ. Յուլյա Կոտովսկայան՝ Ռուսական գերոնտոլոգիական գիտակլինիկական կենտրոն, նյարդաբան Էլեն Մխիթարյանը՝ Ռուսական գերոնտոլոգիական գիտակլինիկական կենտրոն։
 

 

Կոնգրեսի բաժիններն էին՝

- Գերիատրիկ համախտանիշներ և համակցված հիվանդություններ
- Կլինիկական ֆարմակոլոգիայի դերը գերիատրիայում
- Օնկոգերիատրիա
- Սրտանոթային հիվանդությունները գերիատրիայում
- Գերիատրիկ նյարդաբանություն
 

 

Կոնգրեսին հաջորդեց գերիատրիկ համալիր գնահատման թեմայով գործնական դասընթացը ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի գրասենյակում, որը վարում էին գերիատրներ Աննա Գիչկան և Պոլինա Կեմելմանը։ Վերջիններս դասախոսություններով հանդես եկան նաև ԵՊԲՀ-ում՝ ընտանեկան բժիշկության և թերապիայի ամբիոնների կլինիկական օրդինատորների համար։
 

 

Կոնգրեսը միավորեց ավելի քան 160 մասնակցի՝ ԱԱՊ ոլորտի բժիշկներ, սրտաբաններ, նյարդաբաններ, առողջապահության կազմակերպիչներ և շահագրգիռ այլ մասնագետներ։ Այն հավաստագրված էր ՀՀ Առողջապահության նախարարության կողմից, մասնակիցներին շնորհվեց ՇՄԶ 8 կրեդիտ։

 

 

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15
13.07.2021 10:04 Նյութը դիտվել է՝ 75 անգամ: