Վերականգնումը կաթվածից (ինսուլտից) հետո. վարժություններ

Վերականգնումը կաթվածից (ինսուլտից) հետո. վարժություններ

Կյանքի որակը և առօրյայում ինքնասպասարկման կարողություններն ուղղակիորեն կախված են շարժիչ հմտությունների զարգացումից: Շարժիչ հմտությունների խախտումներն անմիջապես ազդում են մարդու սովորական կյանքի վրա՝ թույլ չտալով նորմալ գործունեություն ծավալել: կաթվածի՝ ինսուլտի դեպքում տեղի է ունենում ուղեղի շրջանառության սուր խախտում, որը կարող է հանգեցնել շարժիչ գործառույթների, խոսքի, հիշողության, ուշադրության, տեսողության և կենսական այլ գործառույթների խանգարման՝ կախված ուղեղի վնասված հատվածից:

 

Կաթվածից հետո շարժիչ հմտությունները վերականգնելու և պահպանելու միջոցներ պետք է ձեռնարկվեն, նույնիսկ եթե ինսուլտի հետևանքներն ուղղակիորեն չեն ազդում ձեռքերի շարժունակության վրա: Վերականգնողական գործընթացը բավականին երկար ժամանակ է պահանջում, երբեմն էլ պահանջում է որոշակի վարժությունների և վերականգնողական մեթոդների կիրառում: Տարեց մարդը նորից սովորում է իր համար ծանոթ երևույթներ: Ձեռքերի շարժիչ հմտությունների մարզումը կարևոր դեր է խաղում հետկաթվածային վերականգնման փուլում: 

 

Շարժիչ հմտությունները փոխկապակցված են գլխուղեղի կեղևի գործունեության հետ, ինչպես նաև մեծ դեր են խաղում մարդու խոսքի գործառույթի զարգացման և պահպանման գործում: Այս վարժությունների շնորհիվ ճանաչողական ունակությունները, տեսողական գործառույթները վերականգնվում են, ուշադրության կենտրոնացումը մեծանում է, նյարդային համակարգի աշխատանքը՝ կայունանում: Ինսուլտ տարած անձի համար վարժությունների ընթացքում ծանրաբեռնվածությունը պետք է լինի օպտիմալ, ոչ թե նրա վիճակի և հնարավորությունների համար ավելորդ:

 

Ստորև ներկայացնում ենք պարզ վարժություններ, որոնք կնպաստեն ինսուլտից հետո վերականգնվելուն։

 

  • Հավաքել փոքրիկ դետալներով կոնստրուկտորներ, փազլներ։ 
  • Մատիտները և մարկերները տեսակավորել ըստ գույների։
  • Պլաստիլինից արձանիկներ կամ իրեր պատրաստել։ 
  • Բանալիով բացել կողպեքը։
  • Սեղանի տարբեր տեսակի խաղեր խաղալ՝ շախմատ, շաշկի, դոմինո։
  • Կոճակները տեսակավորել ըստ գույների կամ չափսերի։
  • Նկարել, գրել, հատկապես օգտակար է գրել սեփական հիշողությունները, այն զգալիորեն խթանում է ուղեղի գործունեությունը։
  • Վերցնել մերսման գնդակ կամ պարզապես ընկույզ, այն սեղմել ձեռքում, մի ձեռքից մյուս ձեռքը փոխանցել։
  • Դաշնամուր նվագել կամ էլ մեկ այլ գործիք, որը մատների ակտիվ ներգրավվածություն է պահանջում։
  • Բարձրացնել դատարկ տարաները, ապա իջեցնել դրանք:

 

 

Ամենակարևորը՝ կաթվածի բուժման ընթացքից հետո կաթվածը տարած մարդու ապրելու կամքն է, նրա ինքնակարգավորումը, կյանքի ընկալումը, դրական նույնականացումն արտաքին աշխարհի հետ և դրանում իր տեղի հասկացումը: Իրականում կյանքը կաթվածից հետո ոչ միայն վերականգնողական վարժություններն են ու մերսումը, այլև փիլիսոփայական մտածողությունը, սերը կյանքի նկատմամբ:  Ինչպես ասել է Սենեկան․ «Վերականգնման պայմաններից մեկը հենց վերականգնվելու ցանկությունն է»:

 

Աղբյուրների ցանկ՝

 

  1. www. pansion24.ru
  2. www. lamadirect.ru
  3. www. pansion24.ru

 

Հոդվածը կազմեց հոգեբան Վանեսա Սարգսյանը, խմբագրեց Մերի Սարգսյանը, Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիա
Հոդվածից մեջբերումներ անելիս կամ այն վերահրապարակելիս ակտիվ հղումը սկզբնաղբյուր www.gerontology.am-ին պարտադիր է:

 

22.09.2021 12:18 Նյութը դիտվել է՝ 99 անգամ: