Կինոթերապիա. ֆիլմերի ազդեցությունը տարեց հասակում

Կինոթերապիա. ֆիլմերի ազդեցությունը տարեց հասակում

Կինոթերապիան ֆիլմի կիրառման միջոցով հոգեշտկողական ժամանակակից ուղղություն է: Է. Զախարովան և Օ. Կարաբանովան ընդգծում են, որ այս մեթոդը հնարավորություն է տալիս համատեղել մշակույթը, արվեստը և հոգեբանությունը՝ ինքնաճանաչման և անհատական զարգացման բավականին արդյունավետ գործիքի հետ: Կինոթերապիայի հոգեշտկողական ազդեցությունը որոշակիորեն նման է բիբլիոթերապիային, սակայն Կինոթերապիան կարող է օգտագործվել տարեց մարդկանց ավելի լայն շրջանակի համար, քանի որ այն չի պահանջում կարդալու ցանկություն և ունակություն և ավելի պարզ է թե՛ ընկալման տեսանկյունից, թե՛ յուրացման և մատչելիության համար:

 

 

 

 

 

Սովորաբար մարդկանց դեպքում ֆիլմերը դրականորեն են ընկալվում, քանի որ ֆիլմ դիտելիս մարդը կարող է խորասուզվել յուրահատուկ աշխարհի մեջ՝ լիովին կտրվելով առօրյա հոգսերից: Կինոթերապիայի ժամանակ ֆիլմը օգտագործվում է որպես․

 

  • Անձի ներքին պաշարների ճանաչման և բացահայտման միջոց,
  • ինքնակարգավորուման արդյունավետ միջոց,
  • փոխհարաբերությունների հաստատման գործիք՝ անձնական և միջխմբային հարաբերություններ և այլն:

 

Ֆիլմը արտացոլում է իրական կյանքը, և շատ հաճախ ֆիլմերի կերպարներում, իրադարձություններում և իրավիճակներում տարեց մարդիկ ճանաչում են իրենք իրենց և իրենց հարազատներին: Այն առաջարկում է խնդրահարույց իրավիճակին նայել դրսից, գնահատել կատարվողը, եզրակացություններ անել և դրդել ճիշտ որոշումներ կայացնել: Ամենից առաջ ֆիլմային թերապիան հետաքրքիր է, քանի որ նրա օգնությամբ տարեց մարդը կարող է իր համար ձեռք բերել որոշ կարևոր ռեսուրսներ, տարբեր տեսակետներ, նրա դիրքորոշման մեջ կարող են բազմաթիվ դրական փոփոխություններ առաջանալ, որոնք նախկինում չէր նկատել և այլն:

 

Ստորև ներկայացված է կինոթերապիայի կիրառման հիմնական տեխնիկան.

 

Նախ գործընթացը պետք է սկսել ներածական դասախոսությամբ, թե ինչ է կինոթերապիան, ինչին պետք է ուշադրություն դարձնել ֆիլմ դիտելիս: Այնուհետև ֆիլմը դիտում են կա՛մ խմբով, կա՛մ առանձին։ Նախ դիտումից անմիջապես հետո տեղի է ունենում համատեղ, սպոնտան քննարկում: Դրան հաջորդում է քննարկում ֆիլմի կերպարների, տարեցների զգացողությունների, տարբեր իրավիճակների, ֆիլմում առկա կոնֆլիկտների մասին: Յուրաքանչյուրը բարձրաձայնում է, թե ինչ է հասկացել, ինչ է ստացել և ինչ է վերհանել իր համար: 

 

Առանձնացվում է ֆիլմի վերլուծության հետևյալ մակարդակները․

 

  • Սյուժեի մեկնաբանում, մետաֆորայի ընկալում,
  • սիմվոլների և դրանց հնարավոր իմաստների հետ աշխատանք, 
  • պրոյեկցիան՝ որպես ֆիլմերի նյութի ընկալման հիմնական մեխանիզմ,
  • ինքնաբուխ քննարկում։ 

 

Արդյունքների ընդհանրացումը և դրանց քննարկումն իրականացվում է հոգեբանի կողմից, որն օգնում է մասնակիցներին տեղեկանալ իրենց կյանքի իրավիճակների, իրական կարիքների, խոչընդոտների և հնարավորությունների մասին: 
Խմբային դիտման համար ֆիլմերի ճիշտ ընտրությունը շատ  կարևոր է: Հաճախ տարեց մարդիկ սիրում են այն ֆիլմերը, որոնք դիտել են իրենց պատանեկության տարիներին: Անհրաժեշտ չէ ընտրել միայն հայտնի ֆիլմեր, կան լավ ֆիլմեր, որոնք հայտնի չեն դարձել, բայց այնուամենայնիվ  արժանի են ուշադրության: Կինոթերապիայի համար կարևոր է ընտրել ֆիլմեր, որոնք ցուցադրում են ծերացման կառուցողական պատկերը:

 

Այդպիսով մասնակիցները կարող են.

 

  • Լուծել իրենց համար բարդ իրավիճակները, մոտիվացվել կոնկրետ գործողություններից: Սովորել նոր, անսպասելի ձևով արձագանքել շրջակա միջավայրի մարտահրավերներին,
  • ընդլայնել կյանքի ընկալման հորիզոնները, պատկերացում կազմել այլընտրանքային վարքագծի, մտքերի և զգացմունքների մասին,
  • վերաբերել կյանքի հարցերին նոր մոտեցումներով, 
  • հաղթահարել արտաքին տեսքի՝ տարիքային փոփոխությունների հետևանքով առաջացած անվստահությունը և ձեռք բերել գեղեցկությունը հասկանալու նոր հեռանկար,
  • զգալ սեփական ներքին ուժը և ավելացնել ռեսուրսները,
  • խթանել ինքնակարգավորման հմտությունները։

 

Ձեզ ենք ներկայացնում այնպիսի ֆիլմերի ցանկ, որոնք կարելի է կիրառել ֆիլմային թերապիայի ժամանակ.

 

  1. «Գրան Տորինո» 2008թ․
  2. «Պարզ դժվարություններ» 2009թ․
  3. «Գարնանային հույսեր» 2012թ․
  4. «Թեթև վարքով պապիկը» 2015թ․
  5. «Սերը կանոններով և առանց» 2003թ․ 

 

Աղբյուրների ցանկ՝  

О. И. Дорогина, Ю. В. Лебедева, Л. В. Токарская, Е. В. Хлыстова – ГЕРОНТОПСИХОЛОГИЯ 2020г․

 

Հոդվածը կազմեց հոգեբան Վանեսա Սարգսյանը, խմբագրեց Մերի Սարգսյանը, Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիա
Հոդվածից մեջբերումներ անելիս կամ այն վերահրապարակելիս ակտիվ հղումը սկզբնաղբյուր www.gerontology.am-ին պարտադիր է:

 

01.09.2021 12:09 Նյութը դիտվել է՝ 45 անգամ: